ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Լեռնային Ղարաբաղը հրապարակային դիվանագիտության սարդոստայնում

Լեռնային Ղարաբաղը հրապարակային դիվանագիտության սարդոստայնում
05.12.2016 | 08:30

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ասուլիսում հայտարարեց, որ Երևանը մինչև հիմա չի տվել իր համաձայնությունը 2+3 (Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ) ձևաչափով բանակցություններին Համբուրգում: Մամեդյարովը բացատրեց, որ նախօրեին հարցը քննարկել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, բայց հստակ պատասխան չի ստացել: «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ ցանկացած շփման, ցանկացած ձևաչափով: Հանդիպումը Համբուրգում նախարարների մասնակցությամբ ցույց կտար լուրջ վերաբերմունքը այդ հարցին»՝ մեջբերում են նախարարին Բաքվի ԶԼՄ-ները: Նա նաև պատմել է, որ բանակցային գործընթացում որոշ դադար է, թեպետ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո կարելի էր հակառակը՝ աշխուժացում սպասել: Մամեդյարովի խոսքով Երևանը հնարավորինս «փորձում է խուսափել» բանակցություններից: «Զորքերի շփման գծում լարում միշտ է եղել, պատճառը Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայկական զինուժի ներկայությունն է»՝ եզրափակել է ԱԳ նախարարը:
Բաքուն առաջին անգամ չէ նման հայտարարություններ անում և ամեն անգամ ծագում է հասցեատիրոջ հարցը: Մամեդյարովը կարծում է, որ «Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո կարելի էր հակառակը՝ աշխուժացում սպասել»: Բայց Ադրբեջանը չի ստորագրել Սանկտ Պետերբուրգի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո հակամարտող կողմերի շփման գծում վերահսկողության համակարգի և միջազգային դիտորդների տեղակայման մասին, որ առաջարկում էր Մոսկվան: Ճիշտ է, Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո տեղեկություն տարածվեց, որ օգոստոսին նախատեսվում է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Բայց հանդիպում չեղավ: Իմ կարծիքով՝ Մոսկվան չնահաջեց ԵԱՀՄ ՄԽ-ի հետ համաձայնեցված դիրքերից:


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսներից մեկում ինտրիգային թեզիս ներմուծեց. «Ռուսաստանն ուներ կոնֆլիկտի կարգավորման նախաձեռնություններ Մինսկի խմբից դուրս: Ես ասել եմ, որ Թուրքիան այս հարցում Ադրբեջանի կողքին է»: Հնարավոր է՝ ինչ-որ դիվանագիտական կուլուարներում Մոսկվան քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մեխանիզմի ստեղծման հարցը, բայց պաշտոնական մակարդակով այդ դիրքորոշումը երբեք չի հնչել: Սա՝ մեկ: Երկրորդ՝ նույնիսկ եթե կա նման նախագիծ, առանց Երևանի մասնակցության նրա իրականացումը հնարավոր չէ: REGNUM-ի տեղեկություններով՝ Բաքվի ու Երևանի միջև անդրկուլիսային բանակցություններ այդ ուղղությամբ վարվել են: Բոլոր դեպքերում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի տարեգրության մեջ արձանագրված են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որ «բոլոր պայմանավորվածությունները սեղանի վրա են, մենք մոտ ենք նրանց ձեռքբերմանը»:

Այդ պայմանավորվածությունների մանրամասները բացելը Լավրովն այն ժամանակ դիվանագիտորեն մերժեց: Բայց ՏԱՍՍ-ին հաջորդ հարցազրույցում նա ասում էր, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակը տեղից շարժել թույլ կտա Ղարաբաղի շուրջ շրջանների ազատագրումը՝ ԼՂ կարգավիճակի հարցի համաժամանակյա լուծման դեպքում» և ճշտում էր, որ «շատ կարևոր է վերադառնալ այն գաղափարներին, որ ամրագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի համատեղ հայտարարություններում դեռ 3−4 տարի առաջ, երբ հանդիպումներ էին կայանում մեր երկրների նախագահների մասնակցությամբ»: Բայց դա Մինսկի խմբի պատրաստած մադրիդյան սկզբունքներն են, այլ ոչ թե ինչ-որ «Լավրովի ծրագիր», որի մասին շատ գրում էին ու բարձր խոսում էին ադրբեջանական ու թուրքական ԶԼՄ-ները: Հետագայում էլ Մոսկվան, հակամարտող կողմերին կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կոչ անելով, չի ստվերել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: Ահա ինչու առեղծվածային է հարցը՝ ի՞նչն է դառնալու Համբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման «հաշվետվության կետը»: Եվ ընդհանրապես ինչ-որ հարցով պայմանավորվելու ցանկություն կա՞: Նախ և առաջ Բաքվում:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասարակայնության ներկայացուցիչների հետ Թերթերի շրջանում հանդիպմանը հայտարարեց. «Մենք չենք պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել ոչ Էրիվանը, ոչ Մեղրին, ոչ Գորուսը: Սակայն ես վստահ եմ, որ ժամանակը կգա և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր պատմական հողերը: Մենք դա կանենք հետևողական քաղաքականությամբ, խաղաղ ճանապարհով: Բոլոր օբյեկտիվ պատճառներն ասում են, որ այդ օրը կգա… Վերադարձի համար անհրաժեշտ է մտածված ռազմավարություն, հայեցակարգ, որը կա: Մեր ռազմավարական գիծը որոշված է, և մենք ամեն տարի ձեռնարկելու ենք մարտավարական քայլեր»: Բայց ո՞րն է նախագահի հայտարարած «հայեցակարգը, ռազմավարությունը և մարտավարությունը»: Ըստ Ալիևի՝ դա «առաջինը՝ պատմության հարցն է, երկրորդը՝ արդարության հարցը, և մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծումը»: Այս դեպքում իմաստ չունի նախագահ Ալիևի հետ պատմական բանավեճի մեջ մտնել, մենք իրավիճակը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի բանակցային գործընթացին Բաքվի քաղաքական-դիվանագիտական դիրքորոշման տեսակետից:

Առայժմ ամեն ինչ հանգում է «խոսել առանց պայմանավորվածությունների, հանդիպել առանց արդյունքների բանաձևին», քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ կոնֆլիկտի կարգավորման առանցքային տարրերի վերաբերյալ երկու միատեսակ գերակայություններ ունի՝ տարածքներ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցերը: Այլ հարց է, եթե Համբուրգում ԱԳ նախարարները պայմանավորվելու են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների սցենարի շարունակման պայմանների ու հնարավորությունների վերաբերյալ՝ վերահսկողություն և միջազգային դիտորդներ կոնֆլիկտի գոտում: Բոլորովին այլ հարց է, եթե Բաքվի ու Երևանի հեռակա բանավեճը վարվում է«զուգահեռ օրակարգով»:
Օրերս Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը «Ազատությանը» ասաց, որ «Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման փաթեթը արձանագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը, ինչ-որ անկլավային կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Խոսքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնող ցամաքային ճանապարհի մասին չէ միայն, այլ լայն, անվտանգ և անընդմեջ ցամաքային կապի, որը ամբողջությամբ պաշտպանված է Ադրբեջանի ցանկացած ոտնձգությունից»:

Հետաքրքիր է՝ բացի պարոն Հակոբյանից, ուրիշ ո՞վ է տեսել «առաջարկների փաթեթը», և ինչո՞ւ են այդ մասին բոլորը լռում: Այդ փաստաթղթի քննարկմանը չէ՞ այդպես ձգտում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ պնդելով Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման անհրաժեշտությունը: Ո՞վ կբացատրի իրավիճակը ու կպատասխանի հարցերին:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իրավիճակը լավագույնս կարող է բացատրել միայն ու միայն Սերգեյ Լավրովը, որ շատ հաճախ է հանդիպում ադրբեջանցի ու թուրք գործընկերների հետ և համառորեն չի հրաժարվում շփման գծում խաղաղապահների տեղակայումից: Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ իրավիճակ, նախ պետք է սահմանել իրավիճակը, հետո հանդիպման հնարավորությունները, պայմանները, օրակարգը, նոր միայն անդրադառնալ հնարավոր արդյունքին: Սերգեյ Լավրովը հիանալի տիրապետում է ոչ միայն բուն, այլև զուգահեռ գործընթացներին: Առայժմ չի ստացվում միայն վերջակետելը: Բայց դա արդեն ԱԳ նախարարների մակարդակը չէ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ